Բանաստեղծությունը դա մի անձնագիր է,
Անցագրի նման`
Հանձնվելու մարդկանց աչքերին,
և ներկայանալու նրանց աշխարհին:

Բանաստեղծությունը դա մի հևք է
Շնչառությանս ռիթմից ծնված.
Դա այն կամուրջն է,
Որ հանգրվանում է քո հոգու մեջ, ընթերցող:
(Այդ անցագրով դու էլ կարող ես
ինձ վերադառնալ,
կամրջի ճամբան երազ է,
բառերիս կենսունակությամբ լեցուն):

Անձնագիրը Արարիչն է բաշխել ինձ,
Որպեսզի անցագիր նվիրեմ քեզ:


Այլ բանաստեղծություններ...
 

ԱՆՁՆԱԿԱՆ ԱԼԲՈՄԻՑ

Որդիներս

Սիրում եմ լինել ընկերներիս շրջանում, բայց ամենահաճելի պահերն, անշուշտ, ապրում եմ ընտանիքիս գրկում...

Այլ նկարներ...
 
 
 

 

Հաճախ հեռուստադիտողն ինձ անձնական հարցեր է տալիս. սկզբից ասեմ, որ չեմ նեղանում մարդկանց հարցասիրությունից, նույնիսկ այն բնական եմ համարում, եթէ չեն անցնում պատշաճության սահմանները:

Ուրեմն, մի քիչ մանրամասներով ներկայացնեմ ինքս ինձ:

Ծնվել եմ 1968թ.-ին, Լիբանանի Այնճար գյուղում (իմ գյուղի մասին ավելի մանրամասն և հետաքրքիր տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mousaleranjar.com կայք-էջը): Գյուղն ու միջավայրը, իմ գյուղացիները ինձ հարազատ ու սիրելի են և մեծապես ազդել են իմ  բնավորության, աշխարհաընկալման և կենսակերպի վրա: Սիրում եմ բնության նման պարզ, բարի և արդար լինել. աշխատասեր, հյուրասեր և հոգատար: Փորձում եմ հեռու մնալ անհարկի ձևականություններից: ‹‹Սեր››-ն իմ կյանքի նշանաբանն է և ես աշխատում եմ չդավաճանել իմ սկզբունքներին: Իմ բանաստեղծությունները հագեցած են այդ զգացմունքով: Սիրով եմ անում ամեն ինչ, այլապես հրաժարվում ու հեռանում եմ, որպեսզի չստիպվեմ կեղծել:

Մասնագիտությամբ բանասեր եմ. տակավին Բեյրութում, սովորում էի այնտեղի Համազգայինի Հայագիտական Բարձրագույն Հիմնարկում, ապա գալով Երևան սովորեցի Երևանի Պետական Համալսարանի բանասիրական բաժանմունքում:

Բեյրութում, որպես ուսուցչուհի աշխատել եմ Ազգային ‹‹Նուբարյան›› նախակրթարանում, որտեղ ունեցել եմ մի հրաշալի տնօրենուհի  Տիկ. Գեղանի Էթիեմեզյանը, որն ինձ փոխանցեց երեխաներին ուսուցանելու, նրանց մեջ ‹‹հայ մարդը›› զարգացնելու իր հարուստ փորձը: Աշխատել եմ նաև Բեյրութի ‹‹Վանա ձայն›› ռատիոկայանում:

 

1993թ.-ին Երևանում ամուսնացել եմ Դավիթ Դավթյանի հետ. նախկինում Դավիթը եղել է Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի մարտիկ. Հայաստան հաստատվելով մասնակցում էր Արցախյան պատերազմի կռիվներին, Մարտակերտում: Ունենք երկու որդի, Միհրեն և Հրակը: 1997թ.-ին եղեռական մահով մեզանից հեռացավ, խոր վշտով համակելով մեզ և ընկերներին: Դավիթը վեհանձն էր, կենսախինդ և բարի: Մինչև հիմա ընկերները սիրով պատմում են նրա կյանքի մասին, երեխաներին բացահայտելու նրա մարդկային և հայրենասեր մարդու կերպարը:

Բարեբախտաբար, Աստուծո կամոք, մենք կարողացանք շրջանցել այդ ցավը: Հիմա, երբ ինձ հարց են տալիս ‹‹կնոջական անձնական երջանկություն›› հասկացողության մասին, փորձում եմ բացատրել, որ իսկական երջանկությունը ուրիշներին դրական լիցքավորում փոխանցելու մեջ է. դա չեմ ասում ճարահատյալ, այլ անձնական փորձով հասկացա, որ երջանկությունը հարաբերական է, իմ երջանկությունը կարենալ իմաստնության հասնելն է: Դժբախտաբար դա կատարվեց ամուսնուս մահով. նա իր դժբախտությամբ ինձ հասունացրեց, խորացրեց և մղեց որոնելու այն Լույսը, որին գիտակցաբար թէ անգիտակցաբար ձգտում ենք բոլորս: Զբաղվում եմ յոգայով, փորձում եմ այն կենսակերպի վերածել և կհանձնարարէի ձեզ էլ հետաքրքրվել այդ ճանապարհով:

 

Հարցնում են իմ նախասիրությունների մասին. սիրում եմ մանրանկարչություն, երբեմն նկարում եմ: Սիրում եմ ճանապարհորդել, եթէ ոչ արտերկիր, գոնե` ‹‹Հայաստանի ճամբեքով››, ծանոթանալու իմ երկրին և մարդկանց, հայտնաբերելու իմ ակունքները և սովորելու` նախնիներիս գիտությունները. այստեղից էլ ծնվեց ազգագրության նկատմամբ իմ սերը. հույս ունեմ, որ այն էլ կդառնա մասնագիտություն:

Այլ նախասիրություններ. լուսանկարել, ասեղնագործել, ճաշեր ստեղծագործել (այդ մասին գիտեք արդեն) և շատ եմ սիրում երգել. եթէ երաժշտական կրթություն ունենայի, գուցե  և երգեր գրէի: Միշտ երգում եմ և ուրախ և տխուր պահերիս: Մեքենա վարելիս թէ ճաշ պատրաստելիս: Երգն իմ տարերքն է և հաճախ երգում եմ մտքումս, օրինակ` հաղորդում նկարահանելիս ես մտովի երգում եմ  և ժպտում: Դա ինձ օգնում է լինել անկաշկանդ և դրական: Այդ է պատճառը, որ հաճախ հեռուստադիտողն ինձ  ասում է, որ իմ ժպիտը վարակում է իրենց և իմ տրամադրությունը փոխանցվում է իրենց տուն: Շնորհակալ եմ Արարչին, որն ինձ օժտել է այդ բնությամբ: Ես երջանիկ եմ:

Համաստեղությամբ` աղեղնավոր եմ, տարով` կապիկ: Նախասիրած գույներս` կարմիրն ու մանուշակագույնն են: Նախասիրած ծաղիկը` կակաչն է, թէև բոլոր ծաղիկներն էլ սիրում եմ: Նախասիրած կենդանին` ձին է: Բնության մեջ ամենաշատը սիրում եմ ծովը, թէև արևապաշտ եմ և կյանքում միշտ օրինակ եմ վերցնում արեգակից:

Ընտանիքն ինձ համար կյանքի ամենակարևոր հիմնաքարն է: Ընտանիքիս հետ նաև համակցում եմ ընկերներիս: Մեր ընկերական միջավայրում, մենք ընկերներով մի մեծ ընտանիք ենք կազմել և դա մեր հարստությունն է: Իմ ամենամոտիկ ու հոգեհարազատ ընկերուհին Մարինե Օթարյանն է, ‹‹Ալ. Սպենդիարյանի›› տուն-թանգարանի (www.spendiaryanmuseum.am) տնօրենուհին: Իսկ մեր ընտանիքի ամենամոտիկը գինեգործ Ավագ և Արմինե Հարությունյանների ընտանիքն է, որը նաև եղավ իմ երեխաների կնքահայրը: Այցելեք  www.maran.am կայք-էջը ծանոթանալու հայկական գինու ավանդույթներին:

 

Իսկ Դուք, իմ հարգարժան ընթերցող և հեռուստադիտող, ինձ ոգևորում և տրամադրում էք. այնպես որ, հիշեք, որ ես Ձեզ սիրում եմ և միշտ շնորհակալ եմ Ձեզանից:

 

 

 

Էջի սկիզբ