 |
|
 |
|
 |
| |
 |
| ԱՇՆԱՆ ԿՈՐՍՎՈՂ ՄԵՂԵԴԻ |
| ‹‹Հոգուս մեջ զգում եմ այդ արևոտ և տաք աշունը›› |
Աշնան մեղեդի,
Որ նվագում ես ձորի եզրին
Տերևաթափ ծառերի մերկ ճյուղերի արանքով,
Մինչ հազարերանգ տերևներ ջրի մեջ կթիավարեն վերջին պարն իրենց`
Ոլորապտույտ ու գահավիժող...
Աշնան մեղեդի,
Կրակի ճարճատյունի խազերով,
Երբ բոսոր շարժումները կլափեն գունաթափած կյանքերը...
Կրկնվող երազ աշնանային`
Տարփանքի ուշացած մեղեդի.
Կոնյակի բույրի ընդմեջեն հառնող
Սիրատոչոր համբույրը,
Պատրանքի վարագույրը կճեղքե կուսության հանգույն
և անրջային Պեգասը կվրնջե
Տարփակեզ Աստղիկի հրայրքով:
Հեգ պոռնիկ փոքրիկ քաղաքի
(Ուր արգելված է հաճոյանալ),
Հեշտանքդ կիսատ մնաց
Մարդկանց չար հայացքի ներքո:
Տխուր ու հոգնած աշնան մեղեդի,
Նոթերդ կորցրել են երանգներն իրենց.
Ձյունի շնչառությունը գալիս է սրընթաց
Հանգցնելու կրակը ջերմացնող:
1998 |
|
|
 |
| ՋՈՒԹԱԿԻ ԼԱՐԸ |
‹‹Դու չե՞ս կամենում, որ ամբողջ գիշեր Քնարը հնչի...››
Պարույր Սևակ |
Ջութակի լարն արձագանգեց իմ հոգում պատարագի հանգույն,
և տարածվեց ու անէացավ մարմնիս ծալքերի մէջ.
Նվագը շարունակում է դանդաղ սահել ողնաշարիցս ներքև,
Հատիկ–հատիկ շոշափելով ողերս,
Եվ ծորել` հեշտագին շիթերով
Գարնանային արևի ջերմությամբ...
Ջութակի լարն այժմ համակ սեր է թեժացած,
Զգու’յշ, չվառվեն մատներդ...
Գիշերվա աստեղնային լռության մէջ
Լսի’ր խարույկի խազերը
Հորինելու քո նոր երգը:
Ջութակի լարը աստղերի գրկախառնությունն է,
Գիտե՞ս բախումից ի՜նչ նոր աստղեր են ծնվում
և լուսավորում զոդումը նրանց...
Ուզում եմ համբույրներով
Զմռսել մարմինդ,
Բացվի’ր, Ջութակ:
Կայծերը աղոթքի մրմունջներ են
և երկրպագություն` Արեգակին.
Իսկ Արեգակը սեր է բաշխվող
և ողջակիզումը` ամբողջ բնության:
Հրդեհի՜ր ինձ, Արեգակ, ջութակի նոթաներով,
և եղիցի կամք Քո, Ամէն: 2007 |
|
|
|
|
|
|
|
| |
 |
Դու կոտրեցիր լարը
Քո իսկ սեփական ջութակի,
և լարն արձագանքեց լալահառաչ.
Գիշերվա գաղտնապահությունը
Կլանեց ողբը քո ինքնամերժման,
և փորձեց ժպիտ ձևացնել.
Ու՞մ և ինչու՞ ցավացրիր քո այդ պոռթկումով…:
2008 |
|
|
 |
Դու մերժեցիր ինձ,
և առանց երկար – բարակ մտածելու,
Թողեցիր ինձ մութին,
Ու կորսվեցիր գիշերվա լռության մեջ...:
Երբ հասկացար,
Որ կարող եմ փշրել ամեն ինչ,
Հապշտապ հետ վերադարձար,
Ու տեսար, որ ես թափել եմ ամեն ինչ...
Ե՛ւ իմ սերը,
Ե՛ւ քո զգացմունքները,
Ե՛ւ մեր հիշողությունները
Գցել եմ աղբաման...:
2007 |
|
|
|
|
|
|
|
| |
 |
| ՄԵՐԺՈՒՄ |
‹‹Հետո գացի հեռուն լացի...››
Մ. Զարիֆյան |
Մտածե՞լ ես երբեք,
Որ քեզ նման ես էլ տառապում եմ միայնակ,
Որ, քեզ նման, ես էլ տենչում եմ քեզ` սիրահարված:
Խենթացե՞լ ես երբեք,
Վառվող և հալչող պատանեկան սիրուցս,
և ափսոսացող հառաչով քեզ մեղադրել մերժման համար:
Զգացե՞լ ես երբեք,
Որ կարոտներս հիվանդանում եմ քո անտարբերությունից,
և մահը դանդաղ թակում է իմ սրտի դուռը:
Սառչե՞լ ես երբեք,
Անկրակ աչքերով սիրուհու հայացքիցս,
և կոտրվող լարի տխուր խզզոցից:
Արտասվե՞լ ես երբեք,
Երբ նորից միայնակ նստել ես քո սենյակում,
Երբ իմ վերադարձը անհուսալի է,
Երբ կրակարանիդ մեջ այրվում է
Իմ հուշերիս վերջին հյուլեն...:
2007 |
|
|
 |
Երգս քեզ հասավ, բայց դու չուզեցիր լսել.
Որովհետև
Ականջներդ ամուր փակել էիր,
Չլինի հանկարծ սերս ներս սողոսկեր միայնակ մարդու տխուր ամրոցը:
Դու վախեցար ջրի անակնկալ սառնությունից
և ձեռքդ հետ քաշեցիր.
Նույնիսկ չփորձեցիր համտեսել,
Թէև պապակել էիր անապատում:
Դու դողացիր ահագնացող ալիքներին ի տես,
Թէև երազել էիր լողալ նրանց մեջ,
և մանկունակ խաղով` հանձնվել տարուբերման:
և փախչեցիր, որպեսզի ովկիանի լազուրի մեջ,
Չկլանվես սիրո հորձանուտում,
Թէև կապույտը իր բազմաշերտ երանգներով,
Տարերքն է քո կյանքի:
Երգս քեզ չհասավ,
Որովհետև
Ձայնասկավառակը արդեն կոտրվել էր...:
2007 |
|
|
|
|
|
|
|
| |
 |
Երբ ուզում եմ պատկերացնել քեզ, Անի,
Փակում եմ կոպերս,
և ահա,
Ամայի և չոր տարածությունները
Հագնում են գույնզգույն բնություն,
Կառուցվում` փարթամ տներ,
Լայն փողոցներ և ժխոր,
Խայտաբղետ մարդիկ,
Ցոփ և անհոգ կիրակի…
Կուզեի, որ լինէիր ինձ հետ
Հեռո՜ւ, հեռավոր այս փոքրիկ հողում,
Ուր արևելքի միջակությունները
Չգիտես ինչու՞,
Պղծեր են հինավուրց քաղաքը:
Դու մերժեցիր ինձ,
և քաղաքն ամբողջ
Այժմ անհրապույր է թվում.
և այն քաղաքում,
Ամայությունը այնքա՜ն հարիր էր հոգուս,
Որ ես նույնիսկ … սիրեցի այն:
2008 |
|
|
 |
Թվում է, պահը կանգ է առել նորից.
Խաղաղվել է հոգիս անօրինակ գինեձօնից.
Ձայնիդ թավշությունը կաթկթում է ողնաշարիցս ներքև,
և բանաստեղծություններ`
Թովիչ քնքշությամբ,
Իջնում են հոգուս խորքում, սեր փնտռելու…
(Արդյո՞ք ճիշտ էին իմ լսածները)
Այն բառերը` կարոտի հազարերանգ նրբություններով.
Սիրո բառերը` շոյող մատներով.
Բառեր հապաղած` խոստովանանքի հանգույն,
Որոնք անձրևեցին իմ արցունքների հետ...
Քերթվածների քնարական ռիթմով
Տարօրինակ սիրախաղն այս`
Դավաճանությունն էր իմ հոգու:
Անտարբերությունից ծնված
Ու արհամարված նվիրվածության,
Վիրավորված անձնասիրության
Վրեժի սիրախաղ,
և ուր մեղքի գիտակցությունը զիջում էր անկասկած:
2004 |
|
|
|
|
|
|
|
| |
 |
Չէի հավատում, որ կգաս ի վերջո.
Չէի սպասում, որ կարոտահար կվերադառնաս, ուղղելու քո սխալը:
Բայց դու եկար, ստանալով երանգ և զգացողություն :
Սու՛տ է, սիրելիս, չհավատաս, եթէ ասեմ քեզ,
Որ նախկինը չեմ ես.
Որ պարզապես սիրում եմ քեզ, նոր և յուրովի.
Որ ընդունում եմ քեզ ‹‹եղբայրաբար››
Որ …
Ասե՞մ քեզ, կրկնե՞մ, թե գոռամ,
Որ սիրում եմ քեզ նախկինի նման,
Մի բան էլ ավելի…
Ես չգիտեմ, թէ ում եմ խաբում,
Կամ ջանում խաբել, գուցե խաբնվել, անգիտանալով մերժումը:
Ես մոտենում եմ քեզ օձի լռությամբ, կատվի զգուշությամբ և վագրի մոլուցքով.
Կդիմանա՞ս ինձ, թե կփախչես նորից …
2005 |
|
|
 |
Նորից՜ պատանու անմեղ սարսուռուրով զգում եմ քեզ իմ հոգուս ու մարմնիս ծալքերում:
Ինչքա՜ն կաշկանդված է գրիչս` բանաստեղծելու քո հայացքի ներքո:
Ջրվեժի անձրևող կաթիլները նորաբույր կարոտով են հեկեկում`
մոտեցող երջանկության հեռանկարով արբած,
Թռչում է սիրտս սիրատենչ ոստումներով և փորձում պեղել անիմանալին.
Ի վերջո, հավատա՞լ, թե ուր որ է կգաս և կթակես միայնությանս դուռը...
Երանի ՜ թե չերկարեր գիշերը...
Երանի՜ թե պատկերացումներիս մոտիվներով սկսեր սիրավեպը...
Երանի՜ թե լինեիր այնպես, որ չհավատայի ես իմ բախտին...
Երանի՜ թե լինեիր վերջինը...
Երանի՜ թե կարողանայի ժամացացույցի սլաքների հետ ժամանակը
առաջ կամ հետ շարժել...
Երանի ՜ թե...
......
......
Մինչ գիշերը քայլում է հուսահատված
Քո չկամեցած ժամադրության պատրանքից:
2001 |
|
|
|
|
|
|
|
| |
 |
Երբ ժամերը երկարում են և դատապարտվում ձանձրույթի,
Երբ հոգնում ես անիմաստ թվացող րոպեներից,
Երբ խոսքերը դառնում են անարժեք,
և մտածումները` դատարկ.
Երբ կարոտները հիմարանում են,
և սերերը` հիասթափեցնում են.
Երբ սպասումները անհարգի են,
և ժպիտները` տխեղծ.
Այն ժամանակ սկսվում է հոգու այլասերումը,
Ընդհուպ մինչև
Սեփհական անձից փախչելու տրամադրությամբ...
և ու՞ր գնալ ի վերջո,
Երբ աղոթքն իսկ թվում է անընդունելի`
Թաքուն մեղքերի գիտակցությամբ:
Սպասումները միջանցքի սրահներում
Ձանձրույթս կվերածե բարկության.
Նորացած բույրը սիրո
Կժպտա վախվխած.
Ինչու՞ եմ դարձել այդքան ալարկոտ
Գուցե և ան–ինքնավստահ...
Զարմանում եմ,որ նախկինը չեմ...
Չեմ սիրահարվում
Չեմ դարպասում,
Չեմ զանգում,
Չեմ էլ շտապում բանաստեղծելու...
Ի՞նչ եմ փնտռում.
Միջանցքներում խնամված ու չկամեցված խաղաղությու՞ն,
Թէ սկսված ու չավարտված անհարիր հարաբերություն.
Չապրված սերե՞ր, որոնք երազ ու ցանկություն են լոկ,
և ոչ թէ իրականություն կամ նույնիսկ պատռանք:
Գուցե եթէ իմանամ դատապարտված լինելս, այլևս չսպասեմ.
Կամ եթէ գիտակցեմ, որ կրում եմ մեղքը բազմաթիվ կյանքերի բացասական կարմայի,
Այլևս երբեք չպայքարեմ ու չցանկամ այն` ինչը ինձ համար չի:
Եթէ հավատամ,որ իմ զիջումներով փրկում եմ ինձ ատողին թեկուզ,
Կամ խնայում եմ թշվառների տառապանքները,
Ես կհրաժարվեմ, ի սեր Աստծո, ես կհրաժարվեմ:
2005 |
|
|
 |
| ԱՆԿԱՏԱՐ |
| ‹‹Կյանքը երազ է, երազն էլ մի կյանք›› |
Ես ուզում եմ հիշել անցյալը իմ
Աչքերիդ պայծառ աստեղնության մեջ.
Կարոտն իմ կորսված էության
Կաթիլ-կաթիլ կլիացնի
Դատարկված սիրտս`
Չբացատրված սիրահարությամբ:
Դու, որ հայտնվեցիր իմ հորիզոնի վրա,
Որպես երփներանգ պրիզմա`
Գունավորելու օրերս միօրինակ ու տխուր:
Մենք վաղուց-վաղուց ծանոթ ենք իրար`
Մեր առհավական կարոտներով.
Այսօր տառապանքն իմ հոգու
Կհագենա հայացքիդ թափանցիկ խորխորատում:
(Փախուստը քո պատճառաբանել պետք չէ.
Մենք դեռ չհանդիպած`
Դու արդեն փախչում էիր կյանքից`
Ապաստանելու քո թափառումների անվերջանալի ոլորտներում...):
Հիմա, հեռվից, սովորել եմ քեզ տենչալ
Անկատար բաղձանքով.
Ների՜ր ինձ,
Որ քեզ սիրում եմ ‹‹խենթի պես››
և սլաքները քո հոգու
Կիզակետում իմ ժամացույցին:Երազի քաղցրությունը անկրկնելի է.
Չէ՞ որ մենք ենք հնարում այն:
Փշրի՛ր քո կույս հոգու ապակին...
Ես դեռ սպասում եմ քեզ...
2000 |
|
|
|
|
|
|
|
| |
 |
Ալիքներից առհավական մի երգի թրթռոց իջնում է հոգուս մեջ:
Ամայացած երկրի տրտում ոգին ինձ հետ այցի է եկել Սևանի թերակղզի .
(‹‹Դեպի երկինք բարձրացող›› Թեքեյանական այն ‹‹գաղտնի ճամբան››
հայտնաբերել եմ այստեղ, որը ծիածանի նման Աղթամարից
կամարվում է մինչև Սևան):
Հոգնած քաղաքի քաոսից` հոգիս նկրտում է հանձնվել ալիքների
տարուբերման, որպեսզի սպասի մահվան` արարվելու նորից
իմ էության անդրերկրային կարոտներով:
Հղի եմ դարձյալ սաղմնավորումով ապագայի ու երազի:
Խլրտումը այդ շնչավորման` սրտի տրոփյունի հանգույն երգն է ծնվող
զգացողության:
Հիվանդ եմ զգայնություններով մայրացող էգի , պահպանելու բջիջն իմ
էություն դարձող:
Ուշանում է սակայն երկունքը,
Երկունք, որ պիտի լիացնի տվայտող օրերն իմ սպասումներով
հագեցած:
Աղոթում եմ Խաչյալին` հասնելու համար ավարտին այս խաղի,
Հառնելու որպես նորացած և անթեղած անցյալն իմ` որպես նախորդ
կյանքի հիշողություն լոկ:
2002 |
|
|
 |
Վարժվել եմ ես քո ապտակներին,
և նրանք արդեն ինձ չեն ցավեցնում:
Հոգնել եմ ես անհամար թվացող քո ժպիտներից
և նույնիսկ գիտեմ նրանց խաղերը:
Դու կարո՞ղ ես զարմացնել ինձ
Այնպիսի բանով, որին ես հավատամ,
Որին ես կարոտել եմ
և սպասել` ձմեռ պապի նվերի նման:
Տոնական օրերի սպասումներս տխրեցին
Միայնակ կնոջ անժպիտ դեմքից:
Կարոտներս գալարվեցին փրփրոտ սավանների փափկությունից,
և մարդկանց հևքը թվաց նույնիսկ... արտառոց:
Տոնածառի ճյուղերը զարդարող մանկունակ հայացքներ աչքով արին ինձ և
ճառագայթների ջերմությունը խաղաղեցրեց հոգիս աղոթքի հանգույն:
Ձյան սահանքը կարելի է կասեցնել, անպայման:
2003 |
|
|
|
|
|
|
|
| |
 |
Արդեն ուշացել եմ
և շարունակում եմ ուշանալ ամեն օր...
Ո՞վ կնվիրի ինձ ժամանակի ժամացույցը`
Թռչող և անհետ կորչող ժամանակի հետևից
Վազել կարենալու համար:
Մահաթմբիրից պետք է արթնանալ
և խուժել հապաղած շարասյան վերջին վագոն,
Որովհետև արդեն անզոր են ափսոսանքն ու զղջումը
Բոլոր չգրված տողերի,
Չապրված ապրումների
և կորած արցունքների համար...
Արարչական երկրորդ ապտակը ուշանում է`
Բարձրացնելու ինձ առաջինի թմբիրից.
Ինչքան ուշացել եմ, հիրավի:
2003 |
|
|
 |
Բառերը փախչում են սպիտակ թղթից,
Բառերը չեն ենթարկվում գրչին,
Որովհետև հոգնել են սպասելուց...
Սին սպասում...
Մինչ այդ եթե սպասման հևքին մեջ նրանք ոլորապտույտ
խաղում էին և իրենց հղության վերջին օրերն էին հաշվում,
Այժմ արդեն ան-իրականալի-ի հուսահատությունից
Մոռացել են սովորական թվացող ճանապարհը
և որոշել են ապստամբել...
Նույնիսկ չօգնեց խրախույսի վերջին ճիգը գրիչի,
Ոչ էլ պոռնիկի հրավերի նման մերկությունը սպիտակ թղթի:
Բառերը անկարող են արդեն,
Բառերը հոգնել են պարզապես...
2004 |
|
|
|
|
|
|
|
| |
 |
Ես ընկա ցած մթնոլորտի աթոռից,
և հիմա ծնկաչոք խորհում եմ
Անէացած անուրջի մասին
Որը մեղավոր էր, չգիտես ինչու՞…
Չափազանցյալ սերերիս պատիժն է որ կկրեմ,
և ի՜նչ ցուրտ է, Աստված իմ,
Մերժված լինել քեզանից…
Ես անարժան մի հոգի,
Բախտի խաղից նետահար,
Բախտի անիվն ինչպե՞ս,
Ճիշտ նույն տեղում ջարդվեց…
Մրսու՞մ ես դու էլ, սիրելիս,
Ինչպե՞ս սառչեց ամեն ինչ.
Մինչ կարոտի թևերը քեզ կտանեն շատ հեռուն,
Ուր չեն հասնիր խանդերս
Ուր կթաղվեն արցունքներս…
Ես հասկացա,
Որ նորից խաղաղությունը դավաճանել է ինձ,
Որ նորից սերը երես է թեքել ինձանից,
Որ նորից մենակ եմ մնացել,
Որ նորից պիտի ման գամ քեզ,
Ի՜մ ոգեղինություն,
Փնտռեմ պիտի քեզ ամենուր,
Հավատալով որ կաս,
Դեռ շնչում ես իմ հոգում
և սպասում` արարման…
(Երազն ի՞նչ է,
Եթե ոչ հախճապակյա մի գեղոր,
Որն երբ ուզում ես նկատել,
Սահելով ձեռքիցդ, գետնին վրա փշրվում է):
Կարոտն արդեն սպառվելով ծիլ տվեց անբեղուն:
(Գույների միջից սիրում եմ ամենաթեժ կարմիրը,
Որն այրվում է կլանելով սևերը):
Հոգիս ցուրտ է,մրսում եմ.
Հրդեհվել է պետք խենթությամբ գիտակից...
Բայց ժամերս խռով են,
Որովհետև ժամացույցս չի աշխատում...:
Ներիր ինձ, որ նորից սիրում եմ քեզ խենթի պես…
Ու երևի
Շարունակեմ սիրել քեզ` աղոթքի պես…
2004
|
|
|
 |
Ինչո՞ւ ես դանդաղում իմ երազում և համառում` քո հետապնդումներով
խանգարել իմ առօրյան:
Չէ՞ որ դու վաղուց մոռացված և քառատակ ծալված բանաստեղծական մի էջ ես:
Ստվերը քո մանրանկարչական գունավորում ստացած և սրտիս
ընդհատակում ապրող մի լուսանկար է լոկ:
Այցելում ես ինձ` կնոջդ հետ...
Կարոտը իր փակ ծրարից դուրս է սպրդում
Մետաքսյա վերնաշապիկի տակից ցրտահարված պտուկի նման:
Ի զուր են ջանքերը մեր` մոռանալու իրար:
Ես արդեն հաստատ գիտեմ,- համոզվե՜լ եմ փորձով:
14 - ամյա պատանու խանդաղատանքով սիրտս տրոփում է աններդաշնակ,
Երբ հայտնվում ես իմ սահմաններում:
Մի ակնթարթ շփոթվում ենք երկուսս էլ.
Հետո անտեսանելի ձեռքերով փաթաթվում իրար հին օրերի
վերհուշով (և թվում է` ժամանակը կանգ է առել մեր գրկում).
Մի րոպե անց-լոկ մի րոպե-
Հասկանում ենք, որ մեր ժամացույցի սլաքները վազում են,
Իմ սլաքները` դեպի աջ,
Քո սլաքները` դեպի կողքիդ կանգնած կինդ:
և, ավա՜ղ, վերջում համոզվում ենք, որ բառերը բացակայում են մեզ
համար...:
և ի զուր է , վերջապես,
Ջանասիրաբար ծածկել անցյալը,
և ստիպվել հանդիպել նոր կարգավիճակով:
Ես, պարզապես, չեմ կարող:
Ես, պարզապես, հարգում եմ զգացումները իմ սեռակցի:
Ես, պարզապես, ուզում եմ, որ ժամացույցի սլաքները այլևս երբեք,
երբե՜ք չհանդիպեն իրար...
Դե՜հ, մնաս բարով.
Քո սերը մնաց Բեյրութի կիսակործան պատերի տակ, որպես ավերված
մի լուսանկար լոկ:
2003 |
|
|
|
|
|
|
|
| |
 |
Երբ ռիթմը շնչավորվելով բառ է դառնում,
և բառերը սրտի զարկերի երգեր որպես հնչում են,
Ովկեանների լազուրից ծնվում են զգայնությունները իմ,
Ուր անէանում է ամեն շնչավորում…
Թույլ տուր կրկնել,
Որ երթևեկը սիրո հանգում է այնտեղ,
Ուր սնանկություններն են տիրում…
Աղոթք որպես,
Թույլ տուր համբուրել շրթներդ,
Զգալու խարանը սիրո խաբկանքին…
Վերջին անգամ,
Թող սիրեմ քեզ…
1989 |
|
|
 |
Ես կհագնեմ կապույտ երանգ և կդառնամ ովկիանի ալիքներ,
Ընդունելու քեզ գրկիս և հոգուս մեջ:
Ալիքների տարուբերման հետ կշոյեմ ու կսիրեմ մարմինդ`
Ջրի հևքից խենթացած:
և երբ դուրս գաս ջրերից,
Ես կլինեմ կայլակներ մարմնիդ վրա համեցող,
Որպեսզի շոգիանամ արևի տակ,
Ներծծվելով բջիջներիդ մեջ սիրակեզ:
2009 |
|
|
|
|
|
|
|
| |
 |
Մատներիդ հպումից
Բջիջներս վառվում,հրդեհվում
Դառնում են հնոց բոցավառ:
Մատներիդ շոյանքի ներքո
Բջիջներս հալվում,անէանում
Դառնում են ամպեր երազային:
Մատներիդ ծայրերից
Արյունդ հոսում է երակներիս մեջ
Ծնելով արարչություն:
2009 |
|
|
 |
Անտարբերությունը քո արհամարհանքի նման,
Խոցում է ինձ և բարկացնում.
Ուզում եմ պոռթկալ,
Նույնիսկ ցավացնել.
Բայց սերս դավաճանում է ինձ,
Զինակցում քեզ
և զինաթափում ինձ …
2007 |
|
|
|
|
|
|
|
| |
 |
Ես քեզ սպասում եմ քո իսկ սենյակում.
Սպասումը գրկում է մարմինս
Անհամբերության դողով:
Ու թէև առանձին եմ այնտեղ,
Բայց մենակ չեմ, ոչ էլ օտար.
Պատճառը միայն այն չէ,
Որ այստեղ ամեն ինչ հիշեցնում է քեզ,
Այլ այն, որ ես բազմիցս հյուրընկալվել եմ այստեղ,
Քո երևակայության գրկում…
Քո երազը ավելի իրական է,
Քան բարդույթներով ծանրաբեռնված քո ներկայությունը…
2007 |
|
|
 |
Գարնանային անձրև է վարար ու արբշիռ.
Բառերս ալեկոծ են և քաոսային.
Ռիթմը կյանքի` անորոշ ու տխուր, չգիտեմ ու՞ր է վազում այդպես խելառ.
Միթե՞ այս է կյանքը.
Փորձում եմ կոտրված սերերս սոսնձել իրար և բոլորից մի նոր նվագ ստեղծել:
Ի զուր…
Նույնիսկ չեմ ուզում երգել.
Ծաղիկը թերթահան է լինում անձրևի կաթիլներից
և թխպոտ երկինքը սպառնում է արմատախիլ անել այն.
Կեղտոտվել է իմ աուրան.
Անցյալի վերհիշումն իսկ չի կարեկցում ինձ.
Որովհետև երազս փշրվել է…
2005 |
|
|
|
|
|
|
|
| |
 |
Անձրև է...
Անձրև տեղա՛.
Նախ՝ մեղմ ու բարի.
Սիրալիր ու նուրբ շոյելով տապից հոգնած նյարդերս:
Անձրև տեղա՛.
Հետզհետե սաստկանալով և սաստելով
Հղփացած կնոջ ցանկություններս:
և վերջապես,
Անձրև տեղա՛,
Վարարի՛ ու գժվի՛,
Լվա՛ ու մաքրի՛ ինձ կեղտից,
Հեղափոխի՛ հոգնած սպասումներս:
Թացացել եմ, մրսում եմ ու դողում,
Բայց, հոգ չէ, տեղա՛ անձրև.
Թող կաթիլներդ գրկեն մարմինս ամուր ձեռքերով,
և սառսրուն կաթիլներդ սահեն ծալքերի խորքը...
Վարարի՛ անձրև,
Որպեսզի ովկիանոսի մակընթացությունը
Հարբեցնի ինձ,
և տարփագին կաթիլներդ խենթացնեն բջիջներիս եռքը...
Անձրև, պապակել եմ քեզ,
(Թեկուզ դու հորդում ես հիմա,և լվանում ու հովացնում ես ինձ):
Անձրև այնպես տեղա՛,
Որ շորերս նույնիսկ արբեն քեզանով.
Թևերս պարզած` հանձնվել եմ քեզ.
Սիրահար կաթիլներդ շորերիս մետաքսի միջից
Կանձրևեն քո նվագած ռիթմով:
Անձրև, գրկի՛ր ինձ.
‹‹Սպասման հիվա՛նդն եմ...››
2007 |
|
|
 |
Ի վերջո, ինչու՞ չես բարձրաձայնում
Կամ շշուկով ընդունում,
Որ սիրում ես ինձ:
Մինչդեռ ես խելառ որոնում եմ քեզ.
Փնտռում ամենուր և ամենժամ.
Փողոցների խաչմերուկում թափառելով`
Փորձում գտնել հայացքդ անհանգիստ.
Գրախանութում աննպատակ հապաղելով`
Հայցել անակնկալ քեզ տեսնելու նորից.
Սեղմիր ձեռքս, ես մանուկ եմ դարձել.
Մնացել անօգնական, անճարակ սիրահարի նման.
Ձեռքերս փնտռում են քո ձեռքերը`
Հոգնած մարդու և միայնակ սիրահարի ցուրտ մատները.
Զգա ջերմությունը մատներիս և բռնկումը սրտիս…
Բայց դու լռում ես նորից ու շրջվում շփոթված.
Հեռանում մեծաքայլ.
Չեմ հարցնում ինչու,
Ոչ էլ խնդրում, որպեսզի մնաս.
Սակայն զգացի՞ր, թէ ինչպես,
Հոգիս դարձավ մի կծիկ,
Ու ճամպրուկիդ մեջ գլորելով
Քեզ հետ փախավ իմ տնից…:
2007
|
|
|
|
|
|
|
|
| |
 |
Երբ բաժանվեցինք իրարից
Մատնահետքերդ այրում էին դաստակներս:
Ես ոչի՛նչ, ոչի՛նչ ունէի քեզանից.
Մաշկս երգում էր մատներիդ ռիթմով.
Սիրտս լարն էր ջութակի:
Ես համբուրեցի դաստակներս,
Շշնչալով անունդ.
Ես ոչի՛նչ, ոչի՛նչ ունէի քեզանից:
Դու արդեն իմ էության մի մասն էիր դարձել,
Շնչեցի քո համեցող բույրը,
Զգալով ջերմությունը թաքուն սիրո:
Ես ոչի՛նչ, ոչի՛նչ ունէի քեզանից:
2007
|
|
|
 |
| ՄԻ ՀՐԱԺԱՐՎԻՐ |
‹‹…Դարձիր ինձ մոտ, վերադարձիր դու նորից…››
Վահան Տերյան |
Դու հեռանում ես քաղաքից
Փորձելով փախչել ինձանից…
Բայց ի զուր.
Հասկանու՞մ ես,
Որ այլևս չի ստացվում.
Որովհետև արդեն ես քո մեջ եմ.
Չես էլ կարող դու քեզանից փախչել,
Ուրեմն, ճարահատյալ, մերժում ես ինձ:
Բայց խնդրում եմ քեզանից,
Գոնե մի հրաժարվիր ինձանից,
Ոչ էլ փորձիր հեռացնել իմ վտանգը` քեզանից,
Որովհետև գիտես, ուշ թէ շուտ,
Ճակատագրերը ողջագուրելու են իրար:
2007 |
|
|
|
|
|
|
|
| |
 |
Ամեն գիշեր,
Երբ փակում եմ աչքերս և փորձում քնել,
Դու, որ դարանակալ թաքնվել ես կոպերիս տակ
և սպասում իմ հանգստի րոպեներին,
Դուրս ես սողոսկում,
Հայտնվում` իմ էկրանին
Տեղավորվում կողքիս
Հագնում մարմին և բջիջ,
Դառնում ինձնից ծնված քո անձը
Ու ամբողջ գիշեր սիրահետում ես ինձ ու ... տառապեցնում:
Իմ երազ, իմ երազային, իմ...
Հետո լուսաբացին,
Դառնում ճաճանչ ու տաքություն
և ծվարում արևի շողերի մեջ,
Որպեսզի կարողանաս շոյել մարմինս,
Անմնացորդ ու անկաշկանդ:
Իմ արեգ, իմ արեգակնածին, իմ...
և ընթացքում,
Մերթ ընդ մերթ,
Ժպտում ես երկնքին,
Որպեսզի աստղեր ծնես քո հայացքով,
Քո կամեցած, քո սիրահար գույներով:
Իմ աստղային, իմ աստղափայլ, իմ...:
2007
|
|
|
 |
Նորից՜ պատանու անմեղ սարսուռուրով զգում եմ քեզ իմ հոգուս ու մարմնիս ծալքերում:
Ինչքա՜ն կաշկանդված է գրիչս` բանաստեղծելու քո հայացքի ներքո:
Ջրվեժի անձրևող կաթիլները նորաբույր կարոտով են հեկեկում`
մոտեցող երջանկության հեռանկարով արբած,
Թռչում է սիրտս սիրատենչ ոստումներով և փորձում պեղել անիմանալին.
Ի վերջո, հավատա՞լ, թե ուր որ է կգաս և կթակես միայնությանս դուռը...
Երանի՜ թե չերկարեր գիշերը...
Երանի՜ թե պատկերացումներիս մոտիվներով սկսեր սիրավեպը...
Երանի՜ թե լինեիր այնպես, որ չհավատայի ես իմ բախտին...
Երանի՜ թե լինեիր վերջինը...
Երանի՜ թե կարողանայի ժամացացույցի սլաքների հետ ժամանակը
առաջ կամ հետ շարժել...
Երանի՜ թե...
......
......
Մինչ գիշերը քայլում է հուսահատված
Քո չկամեցած ժամադրության պատրանքից:
2001 |
|
|
|
|
|
|
|
| |
 |
Աշնան խռովքը հոգուս մեջ, գետի եզրին դեղնած բարդիների սոսափյունին ականջալուր`
Փորձում եմ հասկանալ չկայացած սիրահարությանս ձգողությունը:
Հողի այս փոքրիկ հատվածում, ուր արեգակը հավասար ջերմացնում է մեզ,
Մեր երկուսի ցանկությունը`
Հանդիպելու իրար, հավասարվում է,
Երբ անգիտակիցի մղումով
Փնտրում ենք իրար և կարոտում:
Հավատում եմ, որ եկել ես իմ ոտնահետքերով ,
Հարցրել ես սովորական հարցեր` արտասովոր ռիթմով:
Եվ հիմա ի զուր չէ, որ որոնում եմ քեզ անծանոթ փողոցներում`
Փորձելով նկարել դեմքդ և ժպիտդ...
Ի վերջո,
Ինչու եմ կանգնած այստեղ.
Գետի արագահոս ալյակների հետ, վայրկյաններս սլանում են ակնկոր:
Անհամբերությունս` քեզ տեսնելու և սարսափը` քեզ նորից չկարողանալու հանդիպել սիրահարի հոգեբանություն է տալիս ինձ,
Եվ ակամա ուզում եմ լացել
ու հեկեկալով բարձրաձայն արտասանել անծանոթ անունդ...
2002
|
|
|
 |
Այսօր երեխա եմ կրկին
և անհագուրդ կարոտով կանչում եմ քեզ
Դեպի անիմանալի հորիզոններ,
Ուր չկան սակարկություններ շուկայիկ
և ուր կարելի է շնչել հին հանգերով:
Կուզեմ սիրել քեզ վայրի կրքով
Անսահման տարածության մէջ առանձին լինել
և բարձրաձայն արտասանել անունդ տարփակեզ
Ու արբենալ նրա արձագանքով,
Որովհետև բավարար է շնչել քեզ լոկ այդ երկու վանկերով`
Զգալու ներկայությունդ ռիթմիկ ելևէջներով.
Վաղու՜ց մոռացել եմ արդեն հարբել,
և պատահականությունները այնքան անկարող են,
Որ հուսահատորեն փնտրում եմ քեզ,
Փնտրում եմ նրանց մեջ`
Ի զուր հավատալով գալիքի պայծառությանը:
Երբ մթամած երկնակամարի վրա արևը խավարել է ,
և արևածագը այնքան անբերրի է:
Բնության համաչափությունը խախտվել է մարդկանց անձնասիրությունից
և արևը խռովել է ինձանից ու մեզանից... |
| |
|
|
|
| |
|
|
|
|